Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է` հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով և օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ:
ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության բնագավառում:
Միության հիմնական նպատակներն են անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերի, միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունն ու Ղրղզստանի Հանրապետությունը:
Համագործակցություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդյունավետ համագործակցություն է հաստատել միջազգային մի շարք կառույցների հետ, փորձ է արվել տեղայնացնել ձեռք բերված փորձն ու պրակտիկ գիտելիքները, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել սննդամթերքի անվտանգության ոլորտը:
Քայլեր են կատարվել համակարգի արդիականացման, սննդամթերքի անվտանգության, ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին սպառողների իրազեկվածության բարձրացման, նոր տեխնորոլոգիաների ներդրման, կիրարկման առումով:
Միջազգային կառույցների հետ փորձի փոխանակման, ուսուցման, մասնագիտական կապերի ձեռքբերման և ամրապնդման շնորհիվ` ՀՀ ՍԱՏՄ-ն փորձում է զարգանալ միջազգային չափանիշներին համաքայլ՝ արձագանքելով ժամանակի մարտահրավերներին:
Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՊԳԿ անդամ 1993 թվականի նոյեմբերի 8-ից, իսկ ՊԳԿ ներկայացուցչությունը երկրում հիմնադրվել է 2004 թվականից: ՊԳԿ անդամ երկիր դառնալուց ի վեր Հայաստանի Հանրապետությունն Կազմակերպությունից աջակցություն է ստացել տարբեր զարգացման և արտակարգ ծրագրերի իրականացման համար, որոնք ուղղված են եղել Հայաստանում գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանն ու պարենային անվտանգության բարելավմանը:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ՊԳԿ-ի հետ սերտ համագործակցում է Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացման՝ ՊԳԿ ծրագիր (TCP/ARM/3702), սննի և գյուղատնտեսության մեջ հակաբիոտիկների դիմադրողականության (AMR) տարածման նվազեցման հարցերի շրջանակներում և տեխնիկական աջակցություն՝ մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ (PPR) հիվանդությունից ազատ կարգավիճակ ստանալու համար ԿԱՀԿ պահանջներով դոսիեի պատրաստման և ներկայացման աշխատանքների շրջանակներում։
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԿԱՀԿ) (WOAH) աշխարհի հնագույն և ազդեցիկ միջազգային կազմակերպություններից է: Այն ստեղծվել է 1924 թվականի հունվարի 25-ին Փարիզում: 1997 թվականի դեկտեմբերի 29-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԿԱՀԿ-ի լիիրավ անդամ: Ներկայումս այդ հեղինակավոր կազմակերպությանն անդամակցում են 182 երկրներ։
Յուրաքանչյուր ԿԱՀԿ անդամ պետություն ներկայացվում է իր պատվիրակով և ազգային համակարգողներով։ ԿԱՀԿ պատվիրակը Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն է։ Կան նաև ԿԱՀԿ 9 ազգային համակարգողներ՝ կենդանիների բարեկեցության, ջրային կենդանիների առողջության, երկար տարածության վրա կենդանիների տեղափոխման, հաղորդակցության, կենդանիների հիվանդությունների ծանուցման, անասնաբուժական արտադրանքների, կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության, վայրի կենդանիների և անասնաբուժական լաբորատորիանների հարցերով, որոնց հետ կապված յուրաքանչյուր ազգային համակարգող իրականացնում է աշխատանքներ։
ԿԱՀԿ յուրաքանչյուր անդամ երկիր պարտավորվում է անմիջապես կամ պարբերաբար, WAHIS տեղեկատվական համակարգի միջոցով, տեղեկատվություն ներկայացնել տվյալ երկրում արձանագրված կենդանիների հիվանդությունների վերաբերյալ:
2018 թվականի հոկտեմբերի 1-12-ը ԿԱՀԿ-ի կողմից ուղարկված փորձագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացրեց անասնաբուժական ծառայությունների կարողությունների գնահատում (PVS)։
Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) հայկական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ կառավարության կողմից 1993-1996 թվականներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի, ինչպես նաև 1996-2005 թվականներին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ։ CARD-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և այդ կերպ կնպաստի աղքատության հաղթահարմանը:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայումս համագործակցում է CARD հիմնադրամի հետ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացում։
«ԵՄ-Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը 2018 թվականի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրի մաս է՝ Տարածաշրջանային զարգացում: Ծրագիրն իրականացվում է EU-GAIA ծրագրի շրջանակներում Ավստրիական զարգացման գործակալության (ADA) բացառիկ ֆինանսավորմամբ, մինչդեռ Ավստրիական զարգացման գործակալությունը ԵՄ ծրագրի հիմնական իրականացնող գործընկերն է:
EU-GAIA ծրագրի շրջանակներում իրականացվել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարողությունների զարգացմանն ուղղված հետևյալ միջոցառումները՝
ա) տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող մասնագետ տեսուչների վերապատրաստում,
բ) տեսչական մարմնի 10 ներկայացուցիչներ մեկնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ուսումնասիրելու այդ երկրի սննդամթերքի անվտանգության համակարգը, տեսչական մարմինների կառուցվածքն ու գործունեությունը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների զարգացում։ Պեստիցիդների մնացորդային քանակների հայտնաբերման ժամանակակից մեթոդների ներդրում և տեխնիկական աջակցություն:
Թայեքս-ը (Technical Assistance and Information Exchange - Taiex) Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքն է: Թայեքս գործիքի միջոցով աջակցություն է ցուցաբերվում պետական կառավարման մարմիններին ԵՄ օրենսդրության մոտարկման և կիրարկման հարցում՝ նպաստելով ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրությանը: ԹԱՅԵՔՍ-ի միջոցով իրականցվում է հանրային հատվածում կարիքների գնահատում և տրամադրվում է անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն։ Թայեքս գործիքը կիրառվում է հետևյալ ձևաչափերով՝ ա) փորձագիտական առաքելություններ, բ) աշխատաժողով-սեմինարներ, գ) ճանաչողական այցեր և դ) գնահատողական առաքելություն (վերոնշյալ միջոցառումների համակցություն)։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԹԱՅԵՔՍ-ի՝ ազգային մակարդում համակարգող կոնտակտային միավորի հետ համատեղ իրականացնում է գործիքի կիրարկման հարցում ԵՄ հետ համագործակցությանն ուղղված աշխատանքների կազմակերպումը:
Հաշվետվություններ
Համաձայնագրեր
Հուշագրեր