Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

Տեսչական մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.

2) ռուսերեն` Инспекционный Орган по Безопасности Пищевых продуктов Республики Армения.

3) անգլերեն` Food safety inspection body of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Organisme d’inspection de la sécurité alimentaire de la République d’Arménie.

Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները: Տեսչական մարմինն ունի տարածքային ստորաբաժանումներ:

Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կոմիտասի 49/2:

Պատմություն

ՀՀ կառավարության 2010 թվականի 30 դեկտեմբերի N 1730-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

2018թ․ ապրիլի 9-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերակազմակերպվել է և վերանվանվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

2019թ․դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի դեկտեմբերի 19-ի թիվ 1940-Լ որոշմամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերանվանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

Ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնն զբաղեցրել են`

Գրիգոր Գրիգորյանը (06.04.2011-12.07.2011թթ),

 Աբրամ Բախչագուլյանը (13.07.2011-06.10.2014թթ),

 Արմեն Հայրապետյանը (06.10.2014-09.11.2016թթ),

 Իշխան Կարապետյանը (10.11.2016-29.05.2018թթ):

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել են՝ 

Գեորգի Ավետիսյանը (21.06.2018 - 24.09.2020, 08.10.2020 - 27․01․2023),

 Արմեն Հայրապետյանը (07․02․2023թ․ - 06․11․2024),

 Արմեն Դանիելյանը 11․11․2024 թ․- 30․04․2025,

 Տիգրան Պետրոսյանը 24․06․2025թ․ մինչ օրս։