Որպեսզի սննդամթերքը լինի անվտանգ, անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների խանութում և տանը:
Խանութում
Փաթեթավորված սննդամթերք գնելիս ուշադրություն դարձրեք ապրանքի մակնշմանը, որը պետք է ներառի՝
անվանումը,
բաղադրությունը,
օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան),
արտադրման ամսաթիվը,
զտաքաշը կամ ծավալը,
պիտանիության ժամկետը,
պահման պայմանները,
տեղեկատվություն արտադրողի/ներմուծողի/լիազորված անձի մասին,
օգտագործմանը կամ դրա սահմանափակմանը ներկայացվող ցուցումներ (պատրաստման եղանակը),
սննդային արժեքը,
նշում, որ սննդամթերքը գենետիկորեն ձևափոխված է (եթե սննդամթերքն այդպիսին է),
Եվրասիական տնտեսական միության շրջանառության միասնական ЕАС նշանը կամ Հայաստանի ազգային ստանդարտի՝ ՀՍՏ դասիչը:
1. Մի՛ գնեք վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր և սննդային հավելումներ:
2. Ուշադրություն դարձրեք պահման պայմաններին։
3. Հում միս գնելիս պահանջե՛ք անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնը։
4. Տեղափոխման ժամանակ (օրինակ՝ խանութից տուն ճանապարհին) պահպանեք արագ փչացող սննդամթերքը հնարավորինս սառը վիճակում։
5. Հնարավորինս խուսափեք փողոցային առևտրից օգտվելուց:
Տանը
Հետևեք սննդամթերքի անվտագության պահպանման 4 հիմնական քայլերին և կանխեք սննդային թունավորումները:
Քայլ առաջին՝ լվանալ։
1. Լվացեք ձեռքերը օճառով և հոսող ջրով առնվազն 20 վայրկյան։
Ձեռքերը պետք է լվանալ՝
ուտելուց առաջ,
ուտեստ պատրաստելուց առաջ, հետո և պարբերաբար՝ պատրաստման ժամանակ,
վերք մշակելուց և վիրակապելուց առաջ և հետո,
հում ձվի, մսի, թռչնամսի, ձկնամթերքի և դրանց հյութերի հետ գործ ունենալուց հետո,
քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո,
կենդանիներին կամ դրանց արտազատումներին դիպչելուց հետո,
աղբին դիպչելուց հետո,
զուգարանից օգտվելուց հետո։
2. Լվացեք խոհանոցային պարագաները և մակերևույթներն ամեն անգամ օգտագործելուց հետո։
3. Լվացեք միրգն ու բանջարեղենը հոսող ջրով, եթե անգամ պատրաստվում եք հանել կեղևը։ Չլվանալու դեպքում՝ կեղևից մանրէները կարող են անցնել մրգի և բանջարեղենի ներսի շերտեր կեղևը հանելու կամ կտրելու ժամանակ։
Քայլ երկրորդ՝ տարանջատել։
1. Կանխեք խաչաձև աղտոտումը։ Հում մսամթերքից, թռչնամսից, ձկնամթերքից և հում ձվից ախտածին մանրեները կարող են տարածվել արդեն պատրաստի ուտելիքի մեջ։
2. Հում մսամթերքը, ձկնամթերքը և թռչնամիսը մի կտրատեք բանջարեղենի համար նախատեսված տախտակի վրա`
օգտագործեք երկու տարբեր կտրատման տախտակներ, ափսեներ, սպասքի այլ պարագաներ, մեկը՝ հում մսամթերքի, ձկնամթերքի և թռչնամսի համար, իսկ մյուսը՝ բանջարեղենի, մրգի և այլ պատրաստի սննդամթերքի համար,
hում սննդամթերք լվանալու, կտրատելու կամ պահելու համար օգտագործված լվացարանը, տախտակները և սպասքը լավ լվացեք օճառաջրով՝ նախքան հաջորդ անգամ օգտագործելը։
3. Սառնարանում հում մսամթերքը, ձկնամթերքը, թռչնամիսը և ձուն պահեք անջատ այլ սննդամթերքից`
պահեք լավ փակվող պլաստիկ տարաներում կամ պոլիէթիլենային զիփ-տոպրակներում,
եթե չեք պլանավորում օգտագործել հում մսամթերքը, ձկնամթերքը կամ թռչնամիսը մոտակա մեկ օրվա ընթացքում, լավ է՝ սառեցնեք դրանք:
Քայլ երրորդ՝ պատրաստել։
1. Պատրաստեք ուտեստը ճիշտ ջերմաստիճանում։ Մանրէները, որոնք վնասում են մարդուն, գոյատևում են 4,5-60oC-ում։ Անհնար է գնահատել ուտեստի պատրաստ լինելը՝ միայն արտաքին տեսքից, գույնից և պնդությունից դատելով։
2. Պատրաստեք ուտեստն առնվազն 80oC ջերմաստիճանում։ Մսամթերքը, թռչնամիսը և ձուկը պետք է եփել այնքան ժամանակ, մինչև դրանց կենտրոնում ջերմաստիճանը հասնի առնվազն 80oC-ի։
3. Պատրաստումից հետո ուտեստը պահեք տաք վիճակում։ Վնասակար մանրէները կարող են զարգանալ, երբ ուտեստի ջերմաստիճանը պատրաստումից հետո իջնի։ Այդ պատճառով՝ աշխատեք սնունդը տաք պահել մինչև մատուցելը։
Քայլ չորրորդ՝ սառեցնել։
1. Սառեցրեք սննդամթերքն ինչպես հարկն է։
Շուտ փչացող սննդամթերքում մանրէներ կարող են զարգանալ անգամ պատրաստելուց ընդամենը 2 ժամ հետո, եթե չսառեցնեք սննդամթերքը։ Իսկ եթե եղանակը տաք է և օդի ջերմաստիճանը բարձր է 32oC-ից, ապա այդ ժամանակահատվածը կրճատվում է մինչև 1 ժամ։
2. Սառեցրեք շուտ փչացող սննդամթերքն առավելագույնը 2 ժամվա ընթացքում և՝
համոզվեք, որ սառնարանում 2-6oC է, իսկ սառցարանում՝ -18oC-ից ցածր,
սառեցրեք սննդամթերքը հնարավորինս արագ, քանի որ մանրէներն աճում են 4,5-60oC-ի։
Տեղափոխման ժամանակ (օրինակ՝ խանութից տուն ճանապարհին) պահպանեք արագ փչացող սննդամթերքը հնարավորինս սառը վիճակում:
3. Մի հալեցրեք հում մսամթերքը, ձկնամթերքը կամ թռչնամիսը խոհանոցի սեղանին: Սենյակային տաք միջավայրը խթանում է ախտածին մանրէների զարգացմանը՝
հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը հենց սառնարանում՝ ավելի տաք միջավայրում: Պարզապես սառած սննդամթերքը տեղավորեք ափսեի մեջ, որպեսզի հալած հեղուկը չհոսի, չտարածվի սառնարանում և չհանգեցնի խաչաձև աղտոտման: Այս եղանակով հալեցնելը տևում է մոտ մեկ օր,
հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը սառը հոսող ջրով 30 րոպեի ընթացքում: Սակայն հալելուց հետո հում սննդամթերքը պետք է պատրաստել անմիջապես,
հալեցրեք սառցարանից հանած սառած սննդամթերքը միկրոալիքային վառարանում: Սակայն այս դեպքում ևս պետք է պատրաստել անմիջապես հալելուց հետո:
Օգտագործման համար ընտրեք թարմ, մաքուր ջուր և սննդամթերք: Չչմշակված հում ջուրը, սառույցը, մսամթերքը և այլ սննդամթերքը սովորաբար պարունակում են առողջության համար վտանգավոր մանրէներ և քիմիական տարրեր։
Փչացած, փառապատ, վատ մշակված, վատ պաստերիզացված կամ լվացված սննդամթերքը կարող է հանգեցնել թույների առաջացմանը։ Թարմ և լավ մշակված սննդամթերքի օգտագործումը նվազեցնում է սննդային թունավորումների և աղիքային խանգարումների հավանականությունը։