Լաբորատոր ծառայություններ
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են գործունեության հետևյալ տեսակները`
• կենդանական և բուսական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում,
• լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում,
• մանրէաբանական, շիճուկաբանական, թունաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների իրականացում,
• գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում,
• իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկրվող և արտահանվող բույսերի, բույսերի պաշտպանության միջոցների, բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքների, կարգավորող առարկաների լաբորատոր փորձաքննություն:
Լաբորատորիայի հասցեն՝
ք․ Երևան, Էրեբունի 12
Կայքէջը՝ https://armlab.am/
Հեռախոսահամարը՝
+374 12 45-40-34
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում /10 մարզ և 21 տարածաշրջան/:
Գլխամասը գտնվում է Երևանում` Էրեբունի 12 հասցեում:
Կան նաև բուսասանիտարական նախնական ախտորոշման կետեր Այրումի -Բագրատաշենի ու Բավրայի սահմանային հսկիչ կետերում:
Կազմակերպությունն իր կազմում ընգրկում է փորձարկման 3 լաբորատորիաներ`
• Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիա,
• Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիա,
• Բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների լաբորատորիա։
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման, Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս, Բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների, Այրում - Բագրատաշենի փորձարկման լաբորատորիաները հավատարմագրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» Պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ՀՍՏ ԻՍՕ/ԻԵԿ 17025-2005 ստանդարտով և ընդգրկված են եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում:
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման և Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները ԱՄՆ ANAB ANSI կազմակերպության կողմից հավատարմագրված են միջազգային ձևաչափի ISO/IEC 17025:2017 ստանդարտով:
«ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան ֆրանսիական «Բյուրո վերիտաս» սերտիֆիկացնող կազմակերպության կողմից հավաստագրված է միջազգային ISO 35001:2019 (Կենսառիսկերի կառավարում) ստանդարտով:
Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի բաժիններում իրականացվում են բոլոր տեսակի ընտանի և վայրի կենդանիների, թռչունների, ձկների, մեղուների ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների հայտնաբերում շիճուկաբանական, մանրէաբանական, իմմունոֆլութեսցենտային և մոլեկուլյար հետազոտությունների միջոցով, քիմիաթունաբանական հետազոտություններ, գյուղատնտեսական և վայրի կենդանիների, թռչունների դիահերձում:
Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան իրականացնում է սննդամթերքի անվտանգության ցուցանիշների հետազոտություններ ըստ բաժինների: Փորձերն իրականցվում են գերճշգրիտ սարքավորումներով (GC-MS-MS, LC-MS-MS, AAS, HPLC, իոնային ու իզոտոպայի քրոմաըոգրաֆներ և այլն): Իրականացվում են պարենային հումքի, կենդանական և բուսական ծագման սննդամթերքի և կերերի լաբորատոր փորձարկումներ հետևյալ ցուցանիշների նկատմամբ՝ թունավոր տարրեր, թունաքիմիկատներ, միկոտոքսիններ, հակաբիոտիկներ: Հանրապետությունում եզակի սարքերի լրակազմի օգնությամբ իրականացվում է նաև ալկոհոլային արտադրանքի հետազոտություն:
Սննդամթերքի և հումքի մանրէաբանական անվտանգության ցուցանիշները որոշվում են Եվրասիական Տնտեսական Միության կողմից հաստատված դասական մեթոդով:
Կատարվում են նաև սնդամթերքի, հումքի, ջրի ֆիզիկաքիմիական ցուցանիշների հետազոտություններ, որոնք իրականցվում են հումքի և արտադրանքի որակի որոշման և կեղծիքների բացահայտման նպատակով:
Բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների փորձարկման լաբորատորիան իրականացնում է հանրապետություն ներկրվող, արտահանվող, ինչպես նաև ՀՀ տարածքում բույսերի, բուսական արտադրանքի կարանտին վնասակար օրգանիզմների հնարավոր ներթափանցման վտանգի վերլուծություն (ՎՕՎՎ)՝ միջատաբանական, բուսաախտաբանական, հելմինթոլոգիական և մոլախոտաբանական փորձաքննությունների միջոցով: Դրա հետ մեկտեղ կատարվում է բույսերի պաշտպանության միջոցների ակտիվ նյութի քանակական որոշում և նույնականացում՝ գազ-քրոմատոգրաֆիկ, բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆիայի, ինֆրակարմիր սպեկտրոմետրիկ և տիտրացիոն եղանակներով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Մարզային 10 կառույցներում, տարածաշրջանային 21 կառույցներում իրականացվում են նախնական ախտորոշումներ դիահերձման, մանրադիտարկման, իսկ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդությունը՝ Ռոզ Բենգալ փորձի միջոցով:
Սահմանային հսկիչ կետերում կատարվում են Հայաստանի Հանրապետություն ներմուծած բուսական արտադրանքի մանրադիտակային հետազոտություններ վնասատու կարանտին օրգանիզմների նկատմամբ: