«Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (PVS) ծրագրով գնահատման գործընթացն ավարտվել է
օգոստոս 03, 2026
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով Հայաստանում գտնվող Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» (Performance of Veterinary Services) ծրագրի գնահատող խմբի ներկայացուցիչներն ամփոփել են անասնաբուժական ծառայությունների և լաբորատորիաների կարողությունների գնահատման նպատակով իրականացված այցի ընթացքում կատարած դիտարկումները։
«Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության շրջանակներում` փորձագիտական խմբի անդամները, Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսայի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում գործող անասնաբուժական լաբորատորիաների ախտորոշիչ կարողություններն ուսումնասիրելու առաքելությամբ, այցելել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) ինչպես Երևանում, այնպես էլ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գործող մասնաճյուղեր, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի «Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիա», ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ, ինչպես նաև հանդիպում ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՍԱՏՄ ներկայացուցիչների հետ:
ԿԱՀԿ փորձագիտական խմբի անդամները, ուսումնասիրելով լաբորատոր ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, ֆինանսական և տեխնիկական ապահովվածությունը, նկատի ունենալով լաբորատոր ցանցի դերը կենդանիների հիվանդությունների վերահսկման և սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներում, իրենց դիտարկումներում նախ ներկայացրել են նախորդ PVS առաքելությունների արդյունքները, ապա արձանագրած առաջնային խնդիրները՝ լաբորատոր փորձաքննության առավել ընդգրկուն նոր մեթոդների /թեստերի/ ներդրման, անձնակազմի վերապատրաստման, երիտասարդ կադրերի ներգրավման, մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև համայնքային անասնաբույժների աշխատանքային պայմանները բարելավելու, անասնաբույժի մասնագիտությունն առավել գրավիչ դարձնելու, անասնաբուժական լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված տեղեկատվություն պարունակող ռեեստր ստեղծելու անհրաժեշտությունը։
ԿԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստելու Հայաստանի անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցելու անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու և երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու հարցերում:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակության այս այցը բացառիկ կարևոր նախաձեռնություն էր Հայաստանի անասնաբուժական լաբորատոր համակարգի արդիականացման համար, քանի որ գնահատող խմբի դիտարկումների արդյունքում հնարավոր կլինի անասնաբուժական լաբորատոր ծառայությունները Հայաստանում համապատասխանեցնել միջազգային չափանիշներին։