«Արզնի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
սեպտեմբեր 29, 2026
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Արզնի կաթնամթերք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․Երևան, Նոր Նորք):
Արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ, մասնավորապես՝
- արտադրամասի և պահեստային հատվածի պատերի, հատակի մակերևույթի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, ունեցել են վնասված հատվածներ,
- առաստաղը եղել է վնասված, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու վտանգը,
- բացվող ներքին պատուհանը և օդահեռացման համակարգի կողային հատվածները չեն ունեցել միջատապաշտպան պաշտպանիչ ցանցեր,
- կոյուղու համակարգի մի հատված նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
«Արզնի կաթնամթերք» ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կաթի և կաթնամթերքի արտադրամասը համապատասխանեցնելու իրավական ակտերով սահմանված նորմերին:
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: